Ոստիկանները բռնել են քաղաքացուն, որը փորձել է գողանալ Ծիծեռնակաբերդի այգու ոռոգման խողովակները, մյուսը դիմել է փախուստի
Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները ժամը 23:40–ի սահմաններում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին կից այգում նկատել են 2 քաղաքացու, որոնք զբոսայգու ոռոգման խողովակները կտրելիս ու տեղափոխելիս են եղել, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններին նկատելով, նրանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին կարողացել են բռնել, նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ բռնվածը Արմավիրի մարզ բնակիչ, 26-ամյա Դավիթ Խ.-ն է, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փախուստի դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Պավել Ա.-ն է:
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, իսկ բերման ենթարկված Դավիթ Խ.-ն բաց է թողնվել: