Հուսով ենք՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն․ Սալոմե Զուրաբիշվիլի
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր արտասահմանյան առաջին այցը կատարում է Վրաստան, ինչը խոսում է այն մասին, թե ինչ սերտ հարաբերություններ ունեն մեր երկրները, այս մասին Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ «Սա մեր երկու երկրների համար բավական բարդ ժամանակաշրջան է եղել, մեր հարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական և դա արտացոլվում է մեր բազմադարյա պատմությամբ, և դա կշարունակվի դարերով»,– ասել է նա։
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ մեր տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների և նոր հնարավորությունների առջև։ Որպես ասածի օրինակ նա նշել է նաև Ուկրաինայում պատերազմը։ Նախագահը նշել է, որ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին և իր համերաշխությունն է հայտնում ուկրաինացիներին։
«Ռուսաստանի կողմից Վրաստանից բռնազավթված տարածքներում իրավիճակը մնում է ծանրագույն»,– ասել է նա՝ հավելելով, որ անտեսվում է Վրաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդու իրավունքների կապտագույն խախտումները էլ ավելի են ծանրանում։
Վրաստանի նախագահը նաև նշել է, որ Վրաստանին նոր հնարավորություններ են ընձեռվում Եվրոպային ինտեգրվելու հարցում, ինչը նոր հնարավորություն է նաև տարածաշրջանի համար։
«Մեր տարածաշրջանի ապագան միևնույն ժամանակ սերտորեն կախված է խաղաղ միջավայրից, և հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Ողջունում ենք ԵՄ ներգրավվածությունն այս հարցում ֏ գիտենք, որ այս բանակցությունների արդյունքներից է կախված այս տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը և դրանից է կախված տնտեսական զարգացումը, բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են այս տարածաշրջանին ֏ որոնք ստեղծում են ապագայի մեծ հեռանկարներ»,– ասել է նա։
Սալոմե Զուրաբիշվիլին նաև նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար, և Հայաստանն ու Վրաստանը համատեղ պետք է աշխատեն այս ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Վրաստանը ինչպես հիմա, այնպես էլ հետագայում նույն կերպ ջանքեր կգործադրի, որպեսզի այնտեղ ապրող հայերը կարողանան պահել իրենց լեզուն, մշակույթը և ակտիվ մասնակցություն ունենան երկրի զարգացմանը։