Աբովյանում հայտնի «մահաբեր փողոցում» հերթական խոշոր ավտովթարն է գրանցվել․ կա վիրավոր
Այսօր ՝ մայիսի 16-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով, որոնք լցված են եղել անձրևաջրերով, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան-Արզնի խճուղի՝ ժողովրդին հայտնի տուբդիսպանսերի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 27-ամյա Գոռ Ավագյանի վարած Kia մակնիշի, 34-ամյա Արշակ Ապրեսյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Վրույր Պետրոսյանի վարած «SAV» մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավագյանը մարմնական վնասվածքներոսվ օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Սերգեյ Քոչարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղել են մարդաբոյ փոսերը, որոնք լցված են եղել անձրևաջրերով և բեռնատարը բախվել է Touareg-ին, Touareg-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել Kia-ին: