Կադիրովը դիմել է Էրդողանին և քննադատել Թուրքիայի դիրքորոշումը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում գնահատել է ուկրաինացի զինվորականներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տարհանելու Թուրքիայի ծրագիրը։
Նա քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի հայտարարությունները, սակայն նշել է, որ հարգում է մահմեդական պետության ղեկավարին։ Կադիրովը «Ազովի» գունդը անվանել է ֆաշիստա-նացիստական հանցավոր զինված խմբավորում, որը մեղավոր է Դոնբասի բնակիչների սպանությունների մեջ։
«Ազովստալի նկուղներում այս ֆաշիստ հանցագործները պահում են քաղաքացիական անձանց՝ օգտագործելով որպես կենդանի վահան։ Այս ավազակային կազմակերպության անդամներն Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս հայտնի են իսլամական մեծ արժեքները վիրավորող և ընդհանրապես իսլամի կրոնը ծաղրող իրենց պարբերական հայտարարություններով»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա կարծիքով՝ ռուս մահմեդականները վրդովվել են, որ Թուրքիան Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է մատակարարել։ Կադիրովը նշել է, որ մուսուլմաններն էլ ավելի զգայուն են այն տեղեկության նկատմամբ, որ Անկարան պատրաստ է «տարհանել իսլամի մոլեգին հակառակորդներին և վիրավորողներին»:
«Ես դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ազովցիները մարդասպաններ և աթեիստներ են, որոնց այժմ ցանկանում են ձեզ ներկայացնել որպես ռուսական ագրեսիայի անմեղ զոհեր։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն հանցագործները, ովքեր ցանկանում են ձեր օգնությամբ խուսափել դատավարությունից և արժանի պատժից»,- ասել է Կադիրովը։
Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր նավ ուղարկել «Ազովստալ» գործարանից վիրավոր ուկրաինացի զինվորականներին տարհանելու համար։ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Կալինի խոսքով՝ ըստ պլանի ՝ վիրավոր զինվորները պետք է հասցվեին Բերդյանսկ, որտեղից թուրքական նավով նրանց կտեղափոխեին Ստամբուլ։