Երևանի Կենդանաբանական այգու վագրին կքնեցնեն
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստը։ Այգուց տեղեկացնում են, որ օրակարգում են եղել Այգու նոր բյուջեի քննարկումն ու հաստատումը, Այգու նոր կառուցվածքի հետ կապված անհրաժեշտ միջոցառումների և այլ ընթացիք հարցերի քննարկումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քննարկվել է նաև Հայաստանի երեք բուհերի՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ հուշագրեր կնքելու հարցը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին փորձ ձեռք բերելու, գործնական գիտելիքներ ունենալու և, ի վերջո, հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։ Խորհրդի քննարկման ընթացքում կարևորվել է Այգու աշխատակիցների վերապատրաստումը։
Օրակարգում է եղել նաև առողջական խնդիրներ ունեցող կենդանիների հարցը։ Մասնավորապես խոսվել է Այգու տարեց կենդանիներից մեկի՝ 21 տարեկան բենգալյան վագրի առողջական վիճակի մասին։ Վագրն ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները։ Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվել է կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։