Մայիսի 9-ին մեծ հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների բողոքի ակցիաները, հանրահավաքները վաղը կշարունակվեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
«Մայիսի 8-ին ժամը 9։30-ին ավտոերթով շարժվում ենք դեպի Գյումրի։ Այնտեղ ժամը 13։00-ին տեղի կունենա հանրահավաք, այն քաղաքացիները, ովքեր ուզում են միանալ, խնդրեմ»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղը ժամը 17։00-ին այս հրապարակում տիրելու է Արցախի շունչը. արցախցիներն այստեղ Արցախի ավանդույթներով կազմակերպելու են մշակութային միջոցառումներ և բոլորին հրավիրում են։
«Վաղը մեծ հանրահավաք չենք ունենք, քանի որ հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրության օրն է։ Մայիսի 9-ին ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ վաղն իրենք պետք է ունենան աշխատանքային օր՝ վերակազմակերպելու իրենց աշխատանքները, ամբողջացնելու ծրագրերը։
«Մենք կազմակերպված գնում ենք առաջ, ամեն ինչ լավ է լինելու, հետ քայլ չկա, նահանջ չկա, գնալու ենք մինչև վերջ», -իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։