Բաթում քաղաքում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
Փետրվարի 2-ին Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Այն տեղադրվել է Բաթումում հայ համայնքի մշակութային կենտրոնում։ Բացման արարողությանը ներկա էին աշխատանոցի ապագա սաները և նրանց ծնողները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
«Այս օրերին Երևանում իրականացվում է Բաթումի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստումը և մեկ շաբաթից դասընթացները կմեկնարկեն։ Այս պահին ցուցակագրվել է շուրջ 45 երեխա։ Ամռանը լավագույն 8 երեխաները կհաճախեն «Արմաթ» տեխնոլոգիական ճամբար և կշփվեն Հայաստանի մարզերի իրենց հասակակիցների հետ։ Լաբորատորիան ներդրվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ», - նշեց «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
«Մենք կարևորում ենք «Արմաթ» կրթական մոդելի տարածումը՝ այն տարածքներում, ուր գործում են հայկական համայնքներ, և հատկապես՝ այն հատվածներում, որոնք պատմական համայնքներ չեն։ Հուսանք, Վրաստանում մեր գործընկերների հետ կշարունակենք ակտիվ համագործակցությունը», - նշեց «Արմաթ» կրթական ծրագրի արտահանման գծով մասնագետ Շաղիկ Հովսեփյանը։
ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ։ «Արմաթ» աշխատանոցներ բացվեցին Հնդկաստանում։ Այժմ ընթանում է Բանգլադեշում աշխատանոցի տեղադրման գործընթացը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հյուրընկալում է գործընկեր պետությունների աշխատանքային պատվիրակություններ՝ ներկայացնելու «Արմաթ» կրթական մոդելն ու նպաստելու վերջինիս տարածմանը։
Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 620-ից ավել «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 16000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։
ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու
Աննա Դանիելյան
բջջ.՝ +374 77 138 938
էլ-փոստ՝ [email protected]