«Այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ընդդիմությունն սկսել է պայքարի նոր փուլ. քայլերթեր, փողոցների փակում, հանրահավաքներ, նստացույցեր, մի խոսքով, ինչպես իրենք են որակում, ապակենտրոն ցանցային պայքար: Ընդ որում, դրանց մասնակցում են ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այլև անկուսակցականներ, մտավորականներ, ընդհանրապես այս իշխանություններին հեռացնելու կողմնակիցներ:
Նշվում է, որ ներկայումս օրակարգը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռացում, ըստ այդմ՝ Հայաստանի ու Արցախի փրկություն: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ հիմա Հայաստանն ու հայ հասարակությունը կանգնած են արտաքին ու ներքին մարտահրավերների առջև:
«Ընդ որում՝ ներքին մարտահրավերները միտված են մեր զգոնությունը, հայ հասարակության մեջ մնացած արժանապատվության կարևոր հիմքերը թուլացնելուն»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ «ովքեր խոսում են թուրքական թշնամանքի մասին, նրանց թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, թե՛ Հայաստանի ԱԺ որոշ մարդիկ ռևանշիստներ են անվանում ու նրանց քայլերը համարում են թշնամական»: Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ նշում է, որ «մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»:
«Փաստի» հետ զրույցում դերասանն ասում է, որ հրապարակում, փողոցներում մարդկանց քանակը և երկրի դրությունը դեռևս չեն համապատասխանում իրար: «Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա»,- ամփոփեց Թոխատյանը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մտավախություն ունի, որ այս իշխանությունները կարող են իրականացնել ռեպրեսիաներ այն անձանց նկատմամբ, որոնք համաձայն չեն այս ավելի քան քայքայիչ քաղաքականության հետ:
«Այս իշխանությունները կատարում են ամենապղտոր կենտրոնների պատվերը: Այդ պատվերները բխում են նաև հենց իրենց համոզմունքներից, այն է՝ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ: Իշխանությունները շարունակելու են իրենց անփառունակ գործողությունները, որով փորձելու են կանխել հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչների գործունեությունը: Դա արվելու է ավելի ակտիվ ու ավելի անթաքույց ձևով: Իշխանություններն անգամ չեն քողարկելու մարդու իրավունքներին դեմ իրենց գործողությունները»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում