ԱՄՆ-ն Կիեւին հատուկ մշակված անօդաչու թռչող սարքեր կմատակարարի
Phoenix Ghost տակտիկական անօդաչու օդային համակարգերը, որոնց մատակարարումների մասին Կիեւին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հատուկ մշակվել են ուկրաինացի զինվորականների կարիքների համար, լրագրողներին հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Phoenix Ghost-ը մշակվել է կարճ ժամկետում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից՝ հատուկ Ուկրաինայի պահանջներին համապատասխան», - ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուկրաինացի զինծառայողներին սովորեցնել կառավարել այդ անօդաչու համակարգերը:
«Պահանջվում է անօդաչու թռչող համակարգերի օպերատորների նվազագույն պատրաստություն՝ դրանց օգտագործման հնարավորության համար, եւ մենք մտադիր ենք աշխատել նման պատրաստություն իրականացնելու ուղղությամբ՝ անմիջականորեն Ուկրաինայի զինված ուժերի հետ», - նշել են Պենտագոնում: