Ապրիլի 23-ին՝ ժամը 15։00, հանդիպում ենք Սիրահարների այգում. Սերգեյ Չամանյան
Վաղուց մտածում էի, որ պետք է վերսկսել ընկերներիս հետ շաբաթ օրերի հանդիպումները Սիրահարների այգում, իսկ Ազատության հրապարակում երեկվա մեր հանդիպումից հետո այդ միտքը վերաճեց իսկական անհրաժեշտության։
Մարդիկ կորցրել են հավատը, մարդիկ շփոթված են, նրանք ցանկանում են, որ իրենց խոսքը լսելի լինի։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։ Ճիշտ է, հանգիստ մթնոլորտ և որոշակի կանոններ․ ուրեմն եկեք գործի անցնենք։
Ո՞վքեր․ մեդիա հանրության ներկայացուցիչները, լրագրողները, բլոգերները, տելեգրամ և յութուբյան ալիքներ վարողները, պարզապես մեդիա դաշտից հասկացող և լսարան ունեցող մարդիկ և ոչ միայն։ Հասարակ անցորդը կարող է գալ, կարևորը լսելու ունակություն ունենալ
Ո՞րտեղ․ Բաղրամյան պողոտա՝ սիրահարների այգի
Ե՞րբ․ ապրիլի 23-ին՝ 15։00՝ առավելագույնը երկու ժամով։
Ինչու՞․ անհրաժեշտ է հաղթահարել վերջին տարիներին մեր ազգի առջև արհեստականորեն ծառացած պատնեշներն ու պառակտումները։ Մենք սև ու սպիտակ չենք, մենք որևէ մեկինը չենք, մենք կանք և գոյություն ունենք, մենք մտածում ենք, աշխատում և արարում։
Ուրեմն եկե´ք օգնենք մինյանց, օգնենք չշեղվել ճիշտ ճանապարհից։
Ոչ մի քաղաքական կուսակցություն կամ կարգախոս չի թույլատրվում, մենք դատապարտում ենք վիրավորանքների և պառակտման փորձերի կոչերը, բայց մենք բաց ենք բոլորի համար։ Միաժամանակ, մեր հանդպմանը մասնակցելու ցանկություն են հայտնել ընդդիմադիր պատգամավորներ և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Գործելու ենք իրավիճակին համապատասխան, բայց տվյալ փուլում մենք ունենք ազատ խոսափող ու բլիթներ։
Վերցրե´ք Ձեր սուրճը կամ թեյը, ընկերոջը կամ ընկերուհուն, մենակ եկեք, բայց եկեք․ հայրենիքը վտանգված չէ, այն կործանման եզրին է։