Կոտայքում գազաբալոններ տեղափոխող ЗИЛ-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում գազի բալոններ տեղափոխող ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ից։
Վթարի հետևանքով վարորդը՝ Երևանի բնակիչ, 37-ամյա Սարգիս Սիմոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված ЗИЛ-ի վրա եղել է 10 գազաբալոն, ինչի հետևանքով էլ գազաբալոնների ընդհանուր փականը վնասվել է և գազի արտահոսք է սկսվել:
Ճանապարհային ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչև գազաբալոնների պարունակությունը պարտվի, ինչից հետո հատուկ տեխնիկայով պետք է այն հեռացնեն անվտանգ վայր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: