Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով
Ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հանդես կգա համաշխարհային հեղինակություն վայելող վիրտուոզ ջութակահար, Գրեմմիի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կկատարեն Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», պրելյուդ, Մորիս Ռավելի «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունը, Ջակոմո Պուչինիի Սիմֆոնիկ պրելյուդը։
Վահրամ Սարաջյանի հիշատակի երեկոն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը։ Նա իր առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում, 18-ում հաղթել է համամիութենական մրցույթում, իսկ մի քանի տարի անց ստացել է միջազգային ճանաչում՝ դառնալով Չայկովսկու անվան, Ժնևում անցկացված թավջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։
Սարաջյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Միլանի «Լա Սկալայում», Վիեննայի Մյուզիքֆերայնում, Նյու Յորքի «Քարնեգի հոլում» և այլն։
Հարուստ է նաև Սարաջյանի մանկավարժական գործունեությունը։ Նա դասավանդել է ԱՄՆ Օբերլինի կոնսերվատորիայում, Հյուսթոնի համալսարանում։
Սարաջյանի երկացանկում մեծ տեղ է գրավել ժամանակակից երաժշտությունը։ Նա եղել է այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, ինչպիսիք են Ալեքսանդր Չայկովսկին, Գիա Կանչելին, Առնո Բաբաջանյանը, Կարեն Խաչատրյանը և այլք։