Տաջիկստանն ուժեր և միջոցներ է կուտակում սահմանին գտնվող հակամարտության վայրում. Ղրղզստանի սահմանային ծառայություն
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու կողմից էլ զինծառայողներ են վիրավորվել։ Այս մասին ապրիլի 12-ին հայտնել են Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից։
Նշվում է, որ Տաջիկստանն ուժեր և միջոցներ է կուտակում սահմանին գտնվող հակամարտության վայրում:
Առաջին փոխհրաձգությունը, ըստ սահմանապահ ծառայության, տեղի է ունեցել Ղրղզստանի Բատկենի մարզի Լեյլեք շրջանի Սելկանա գյուղի մոտ։ Հակամարտության պատճառը տաջիկ սահմանապահների կողմից 20 մետր խորությամբ Ղրղզստանի տարածք անցնելն է եղել։
Ղրղըզ սահմանապահները «տաջիկ սահմանապահների մուտքը տարածք կանխելու համար» ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել։
«Ի պատասխան՝ Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել ղրղզ սահմանապահների ուղղությամբ», - հայտնել են սահմանապահ ծառայությունից։ Վիրավորվել է նաև մեկ տաջիկ զինվոր։
Երկրորդ փոխհրաձգությունը, ինչպես հայտնել են գերատեսչությունում, սկսվել է այն ժամանակ, երբ դեպքի վայր են ժամանել Տաջիկստանի ուժերը, որտեղ բանակցություններ են տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջև։ Նրանք, ինչպես վստահեցնում է ղրղզական կողմը, կրակ են բացել Ղրղզստանի զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը տեւել է 30 րոպե։ Արդյունքում հրազենային վիրավորում է ստացել Ղրղզստանի զինծառայողը։
Փոխհրաձգության ավարտից հետո, ըստ Ղրղզստանի սահմանապահ ծառայության, տաջիկական կողմը սկսել է ականանետերով գնդակոծել ղրղզական Դոստուկ գյուղը։ Դա տեւել է մոտ կես ժամ, որից հետո հայտարարվել է հրադադարի մասին։
«Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են։ <...> Պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում իրավիճակը բնութագրվում է որպես լարված»,- նշել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունում։
Տաջիկստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։