Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի տվյալներով` պատերազմում Ռուսաստանի կորուստները երեք անգամ գերազանցում են Ուկրաինայի կորուստները
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում «Ռուսաստանի ծրագիրը ձախողվում է»։ Այս մասին Twitter-ում հայտնել է բրիտանական դեպարտամենտը։
Մասնավորապես, նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում առնվազն վեց ռուս գեներալ է զոհվել, իսկ ռուս զինվորները դավաճանում են և հարձակվում իրենց հրամանատարների վրա։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ խոցվել, լքվել, ոչնչացվել կամ գրավվել է 2151 միավոր ռուսական զինտեխնիկա, հրետանային զենք և օդային տեխնիկա, ինչը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերի նմանատիպ կորուստները։
«Ռուսական ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրում և ստիպված են եղել վերադառնալ Բելառուս և Ռուսաստան՝ վերակազմավորվելու և համալրելու համար։ Ռուս զինվորականները նաև պատահաբար խոցել են սեփական ինքնաթիռը»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը պնդում է, որ «հատուկ ռազմական գործողությունն ընթանում է համաձայն հաստատված պլանի»։
Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը հետաքրքրում է. «Սա իրո՞ք պլան է»։