ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու ծրագրերի վերաբերյալ հայտարարություններին
Ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Վիեննայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտարարել է, որ արևմտյան երկրները սխալվում են, երբ խոսում են Ուկրաինայի տարածքում միջուկային զենք կիրառելու ռուսական իշխանությունների ծրագրերի մասին, գրում է РИА Новости-ն։ .
Նա ասել է, որ նման զինատեսակների կիրառումը հնարավոր է միայն կոնկրետ հիմքերով։
«Վերջերս մենք Արևմուտքում սադրիչ հայտարարություններ ենք լսում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի ծրագրերի մասին։ Դրանք չունեն նվազագույն ռացիոնալ հիմք։ <...> Դա հնարավոր է միայն ի պատասխան Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի կիրառման, կամ Ռուսաստանի դեմ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությանը վտանգ է սպառնում»,- ասել է նա։
Ըստ Գավրիլովի՝ ուկրաինական ճգնաժամը որևէ կերպ չի կարող կապված լինել նման զենքի կիրառման Ռուսաստանի Դաշնության չափանիշների հետ, քանի որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել», և հակամարտությունների այս տեսակը «չպետք է սանձազերծվի»: