Ալիևն Էրդողանի հետ զրույցում դրական է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպումը։
«Ալիևը դրական է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ Ադրբեջանական պետության ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ընդունված որոշումները՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառման պայմանով, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և տարածքային պահանջներից հրաժարվելու, ինչպես նաև սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նույնպես գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից։
Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և կապի գծերի ստեղծումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը, տարածաշրջանի երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: