Պեսկովը հույս ունի, որ հատուկ գործողությունը կավարտվի «մոտ օրերս կամ տեսանելի ապագայում»
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը շատ վկաներ ունի Մարիուպոլից և Բուչայից, և այդ մարդիկ, ըստ նրա, խոսել են ուկրաինական ազգային գումարտակների սարսափելի գործողությունների մասին։ «Մենք շահագրգռված ենք բոլոր հանցագործությունների անկախ և օբյեկտիվ քննությամբ»,- ընդգծել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «Ռուսաստանի Դաշնությունն ի սկզբանե երբեք չի հարվածել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին»։
«Մարիուպոլը կազատագրվի ազգայնական գումարտակներից,- ասել է Պեսկովը:- Եվ մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա»:
Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը երկար չի տևի. «Մենք հույս ունենք, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կհասնի իր նպատակներին մոտ օրերս կամ տեսանելի ապագայում»։
«Կամ այն կավարտվի բանակցությունների միջոցով»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան սկսել է պատրաստվել արեւմտյան պատժամիջոցներին մեկ տարի առաջ։