«Բիզնեսը բիզնես է»․ Ռուսաստանը նեղացել է Թուրքիայից
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի հայտարարությունը լուրջ տարակուսանք և զարմանք հարուցեց հայ հանրության շրջանում։ Թուրքական «Այդինլիք» թերթի հետ զրույցում դեսպանը հայտարարել է, թե Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից։
«Անկեղծ ասեմ, դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ցավագին են այդ մատակարարումներն ընկալվում ռուսական հասարակության կողմից, «բիզնեսը բիզնես է», բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, հենց այդ նպատակով են գնվում բայրաքթարները»,- ասել է Երխովը և հավելել, թե այդ մատակարարումներն ամենևին էլ դուր չեն գալիս Ռուսաստանին։
Նշենք, որ դեռևս ապրիլյան պատերազմից հետո, երբ հայ հասարակությունը անկեղծ և արդարացի հարց էր տալիս, թե ինչպես է ստացվում, որ իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին, նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում էին, թե դա ընդամենը բիզնես է, և Ռուսաստանն ինքն է որոշում՝ ում ի՞նչ վաճառի և որքան։ Իհարկե, տարակուսելի այդ հայտարարությունը որևէ կերպ չէր դատապարտվում ժամանակի իշխանությունների կողմից։ Որևէ թթու խոսք Ռուսաստանին այդպես էլ չեն հայտնել։ Իսկ այսօր Ռուսաստանն ինքն է ընդգծում, որ «բիզնեսը բիզնես է» սկզբունքը բնավ էլ բացատրելի չէ այս դեպքում։ Հատկապես այն պայմաններում, որ Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ չեն, և Թուրքիան ինքն է որոշում, թե ում վաճառի իր զենքերը։
Ավելին՝ այստեղ