Մեկնարկում է «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը
2022 թ․ սեպտեմբերի 10-ին և 11-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կանցկացվի երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։ Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։
Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։
«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշում է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։
Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://forms.gle/tvQbmeFgDeh1gqaR9 և ընդունվում են ապրիլի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։