ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ՀՀ ամբողջ տարածքում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, եղանակային պայմաններից ելնելով, հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Ալագյազ-Արթիկ, Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս, Կապան-Տաթև, Գորիս-Տաթև, Կապան-Քաջարան, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
«Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի (անվաշղթաների կիրառման դեպքում):
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Պուշկինի լեռնանցքից դեպի Ստեփանավան, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ջաջուռ-Քեթի, Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Արտավազ-Հանքավան ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Չարենցավանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-46-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Ջաջուռ-Քեթի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկ-Գնդեվազ, Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհներին բուք է, իսկ Վայոց ձորի մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ ողջ տարածքում տեղում է ձյուն։
Ավելին՝ այստեղ
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։