Գեղարքունիքի մարզից գերեվարված 2 հայ զինծառայող Ադրբեջանում դատապարտվել է 18 և 19 տարվա ազատազրկման
Ադրբեջանում ավարտվել է հայ երկու ռազմագերիների դատավարությունը։
Ադրբեջանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրել է «ահաբեկչության» մեջ և դատապարտել համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման։
Դատավճռում նշվում է նաև, որ նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը գերեվարվել էին 2021 թվականին՝ Գեղարքունիքի մարզից։ Ադրբեջանական ուժերը Գեղարքունիքի տարածքում շրջափակել ու գերեվարել էին ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ 6 զինծառայողի ու նրանց մեղադրել իբր Քարվաճառում ադրբեջանական դիրքերի մատակարարման ուղիներն ականապատելու համար։
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով այս պնդումն ու ընդգծելով, որ նրանք գերեվարվել են ՀՀ տարածքից։