Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են
Բելառուսա-ուկրաինական սահմանի Գոմելի շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են։ Երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին Պրիպյատ գետի ափին գտնվող «ձկնորսի տնակ» ծածկանունով գաղտնի վայրում: Անվտանգության նկատառումներից ելնելով դրա գտնվելու վայրը չի հաղորդվում։ Ի սկզբանե նախատեսված էր, որ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 27-ի կեսօրին։ Հետաձգումը բացատրվել է նրանով, որ ուկրաինական պատվիրակությունը որոշել է Լեհաստանով մեկնել Բելառուս։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Դրանում ընդգրկված էին նաև ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը, Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ուկրաինական պատվիրակության մասնակիցների թվում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Բացի այդ, միջոցառմանը որպես կազմակերպիչ ներկա է եղել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, ինչպես նաև Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։