Մխիթարյանի «կարմիր խնձորը»
Երեկ ամբողջ համացանցն ակտիվորեն քննարկում էր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և ռուս մոդել, հաղորավար Վիկտորյա Լոպիրյովայի նկարները: Լոպիրովյան 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության դեսպանն է ու եկել էր Հայաստան, այցելել տեսարշան վայրեր: Ինչպես նա, այնպես էլ Մխիթարյանը լուսանկարներ էին հրապարակել միասին, ինչը առիթ տվեց սոցցանցերի օգտատետերի երևակայության առկայծումներին:
Հայտնի ու հաջողակ ֆուտբոլիստները հաճախ են մոդելների հետ սիրային արկածներ ունենում, ամուսնանում, հայտնվում սկանդալների կենտրոնում: Եվ այդ ամենը արտացոլվում է ոչ միայն նրանց սոցցանցերի էջերում, այլև համաշխարհային մամուլի տարբեր պարբերականներում: Հետաքրքրությունը համաշխարհային աստղերի նկատմամբ միշտ էլ մեծ է:
Մխիթարյանի դեպքում, հրապարակված նկարների շուրջ հետաքրքրությանը ավելանում է ևս մեկ ասպեկտ: Ինչպես արդարացիորեն նշել է ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ՝ մենք մի ազգ ենք, որի միակ հպարտությունն ու ուրախությունը Մխիթարյանն է: Ու երբ համազգային հպարտությունը, առաջին անգամ հրապարակում է գրավիչ տեսքով աղջկա, այն էլ ռուս աղջկա հետ նկարներ, այդժամ համազգային հպարտության զգացումը ազգային-ազատագրական պոռթկման է վերածվում:
Սկսվում են տարբեր տեսակի մեկնաբանություններ, որոնք քաջալերում են Մխիթարյանին «զինաթափել» ռուս մոդելին, ամուսնանալ նրա հետ, նորանոր մոդելներ ունենալ, հրաժարվել այս մեկից ու անցնել ուրիշ մոդելին: Իսկ առավել շատ աչքի էին ընկնում այնպիսի մեկնաբանություններ, որտեղ հայ ֆուտբոլիստին կոչ էին անում երջանկացնելու ոչ թե օտարազգի աղջկա, այլ հայ աղջկա:
Կարելի է ասել, որ Մխիթարյանի անձնական կյանքի շուրջ նման անհանգստությունը, ինչ-որ տեղ նմանվում էր կարմիր խնձորի քննարկման: Ստացվում է Մխիթարյանը ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, որի հաջողություններով մենք կարող ենք ուրախանալ, այլև հայ ազգի կոլեկտիվ ենթագիտակցականն արտացոլող մեկը, մի իդեալ, որ պիտի ամեն կերպ համապատասխանի հայի բոլոր չափանիշներին: Ու այս ամենն այն պարագայում, երբ Մխիթարյանն ու ռուս մոդելն ընդամենը մի քանի նկարներ էին հրապարակել:
Շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ամեն անգամ, ցանկացած հաջողակ հայի շուրջ Հայաստանում կառուցվում միֆերի ու ցանկությունների շղթաներ, իսկ հետո, ինչ-որ կետով անհամապատասխանության դեպքում այդ շղթան քանդվում է, ազգային հպարտությունն էլ հայտնվում քննադատության թիրախում: Մարդու մասնագիտական հաջողությունները դրվում են մի կողմ ու մեր առօրյա, անձնական ու հասարակական կյանքի բոլոր անհարթությունները փորձում ենք փոխհատուցել որևէ հայտնի ու աշխարհին ներկայանալի հայի միջոցով ՝ մեր ազգի մասին «պուպուշ ու հայեցի» պատկեր ստանալու համար:
Մխիթարյանի անձականը երբեք այսքան քննարկված չէր եղել: Երեկ դրա առաջին փորձն էր՝ կարմիր խնձորը: Այսուհետ հայաստանյան հասարակությունն ավելի ուշադիր կլինի ֆուտբոլիստի կյանքի այդ հատվածին, թերևս ավելի ուշադիր, քան նրա ֆուտբոլային գործունեությանը:
Ջովաննա Անտոնելլի, Lraber.info