Ադրբեջանի սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին. հայտարարություն
Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված Երեւանում «Եվրանեսթի» նիստերի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը:
Հայտարարության մեջ ասվում է. «Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել Եվրոնեստի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։ Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը: Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։
Միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։ Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։ Ըստ այդմ, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը»: