«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության նպատակը երբևէ չի եղել պետական ինստիտուտների պարալիզացումը». Հռիփսիմե Ստամբուլյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իշխող խմբակցության երկակի ստանդարների քաղաքականությունը ամենօրյա ռեժիմով կատարելագործվում է` էլ ավելի խեղաթյուրելով այն կառուցակարգերը, որոնք ընկած են այս կամ այն ոլորտը կանոնակարգող օրենսդրության հիմքում:
Ասվածի վառ վկայությունն այսօրվա հանձնաժողովի նիստն էր, որտեղ ներկայացնում էի ՀՌՀ անդամի մեր թեկնածուին:
Ուզում եմ հատուկ հանձնաժողովի անհանգիստ պատգամավորների համար պարզաբանել.
1. Պետք է հստակ տարանջատել քաղաքական նպատակահարմարությունն ու պետական ինստիտուտների աշխատանքի պարալիզացումը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության նպատակը երբևէ չի եղել պետական ինստիտուտների պարալիզացումը: Ուստի իշխանությունները փոփոխվող են, իսկ պետությունը պիտի գործի` անկախ օրվա իշխանությունից, նրա նպատակներից, գերակայություններից, խնդիրներից և այլն: Հաշվի առնելով նաև, որ ՀՌՀ-ն ապաքաղաքական կառույց է, ուստի այդ կառույցում թեկնածու առաջադրելու հանգամանքը ոչ մի կերպ չի կարելի նույնացնել մնացած դեպքերում տեղ գտած ու հիմնավորված բոյկոտների հետ:
2. Հավանություն տալ թեկնածուի ներկայացրած տեսլականին և չընտրել վերջինիս` միայն կոնկրետ քաղաքական ուժի ներկայացմամբ պայմանավորված, նշանակում է ևս մեկ անգամ հաստատել հանգամանքն առ այն, որ իշխող թիմը ոչ թե ինքնավար մարմինները պրոֆեսիոնալ կադրերով համալրելու, այլ դրանք քպականացնելու նպատակ ունի:
Ի դեպ, պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, որպեսզի քաղաքական պատեհապաշտության արդյունքում կայացված որոշումների՝ դատարանի կողմից չեղարկումը չառաջացնի «ոնց են անելու» հարցի պատասխանը չգտնելու բարդություններ: