«Արմաթն օդում». Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց է բացվել
Այսօր՝ փետրվարի 17-ին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 500 խմբավարների ու թիմի անդամների և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից Ստեփանակերտի Ա. Գրրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի` «Արմաթն օդում» կրթական աշխատանոցը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասել է, որ չորս ԱԹՍ աշխատանոց են բացել Հայաստանի տարբեր մարզերում, իսկ հինգերորդը որոշել են բացել հենց Ստեփանակերտում:
«ԱԹՍ աշխատանոցի բացումը բացառիկ հնարավորություն է աշակերտների համար, որովհետև նույնիսկ զարգացած շատ երկրներում նմանատիպ աշխատանոցներ չկան: Նոր աշխատանոցում աշակերտները կսովորեն պատրաստել անօդաչու թռչող սարքեր»,-նշել է Ս. Վարդանյանը և հավելել, որ առաջին նմանատիպ լաբորատորիան ներդրվել է «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանում՝ նպատակ ունենալով առաջին հերթին մեր ապագա սպաներին սովորեցնել պատրաստել անօդաչու թռչող սարքեր:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության տնօրեն Հայկ Չոբանյանը նոր աշխատանոցի բացումը համարել է ամենամեծ նպատակների և երազանքների իրականացմանը տանող ճանապարհի սկիզբը:
Այն ոչ միայն ռազմական տեխնոլոգիա է, այլև կարող է կիրառվել գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներում, արտակարգ իրավիճակներում:
«Արցախը առանձնահատուկ նշանակություն ունի այս ուղղության զարգացման առումով, որովհետև մենք մեր մաշկի վրա զգացինք օդային տեխնոլոգիաների դերակատարությունը երկրի անվտանգության գործում: Մենք պետք է մեր երեխաներին ուղղորդենք դեպի այս ուղղությունը և արձանագրենք միմիայն հաջողություններ: Չպետք է վախենանք երկար ճանապարհ անցնելուց, պետք է համարձակություն ունենանք անցնելու այդ երկար ճանապարհը, որովհետև որևէ մեծ գործ կարճ ժամկետում արդյունք չի ունենում: Մեր մեծ գործն արդար է, և մեր պատասխանը գիտելիքի միջոցով հաղթանակի հասնելն է: Ես համոզված եմ, որ այս ուղղության զարգացման դեպքում մենք կտեսնենք հաղթանակներ հենց պատերազմի դաշտում»,-ընդգծել է Հ. Չոբանյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում ցանկացած նորամուծություն և ցանկացած բնագավառի տեխնոլոգիական ներդրում ինքնին գնահատելի երևույթ է:
«Արցախում նման լաբորատորիայի ներդրումը շատ եմ արժևորում, քանի որ մեր երեխաները հնարավորություն կունենան ավելի բարձր տեմպերով առաջ գնալու»,-նշել է Ա. Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: