Մոսկվան եւ Անկարան չեն համաձայնեցրել Պուտինի Թուրքիա այցի ժամկետները. դեսպան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն Մոսկվայի եւ Անկարայի կողմից, հայտնել է Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները:
«Իմ տեղեկություններով, այդ ժամկետները դեռ համաձայնեցված չեն կողմերի միջեւ։ Իսկ եթե այդպես է, ապա, հավանաբար, մի քիչ վաղաժամ կլիներ՝ առաջ ընկնելով, խոսել հանդիպման ծրագրի, դրա օրակարգի և այլ մանրամասների մասին։ Եկեք մի քիչ սպասենք եւ չշտապենք», - ասել է դեսպանը թուրքական Türkiye թերթին տված հարցազրույցում, որի ռուսերեն թարգմանությունը ներկայացրել է դեսպանատունը։