Եվրոպայում գազը սպասվածից շատ ավելի թանկ կարժենա
2022 թվականին եվրոպական երկրներում գազը շատ ավելի թանկ կարժենա, քան ակնկալվում էր՝ շարունակելով խթանել գնաճը, կանխատեսում է բրիտանական Oxford Economics վերլուծական ընկերության եվրոպական տնտեսության ուղղության ղեկավար Անգել Տալավերան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունը հումքային ապրանքների մասով մեր թիմին դրդեց էապես բարձրացնել ընթացիկ տարվա էներգակիրների գների մեր կանխատեսումը: Այժմ մենք ակնկալում ենք, որ նավթի գները բարձր կմնան ամբողջ 2022 թվականի ընթացքում՝ բարելի դիմաց մոտավորապես 86 դոլարի մակարդակում՝ նախկինում կանխատեսված 73 դոլարի փոխարեն: Նույն նաեւ բնական գազի գների մասով, որոնք այժմ, ըստ երեւույթին, շատ ավելի բարձր կլինեն ամբողջ տարվա ընթացքում, թեեւ ավելի վաղ ակնկալում էինք, որ դրանք երկրորդ եռամսյակից սկսած արագորեն կնվազեն»,- գրում է փորձագետը:
Գազի եւ նավթի մասով կանխատեսումները բարձրացվել են համապատասխանաբար «53 եւ 19 տոկոսով», նշում է փորձագետը։ Այս փոփոխությունները եվրոգոտում գնաճի գնահատականների զգալի ճշգրտման են հանգեցրել, հավելել է փորձագետը։ «Մեր նոր կանխատեսումը ենթադրում է, որ 2022 թվականին գնաճը կլինի միջինում 3.9 տոկոսի մակարդակում՝ ավելի վաղ կանխատեսվող 2.5 տոկոսի փոխարեն»,- նշել է Տալավերան։
Դեկտեմբերին եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ վերջնական գնահատականի, արագացել է մինչեւ 5 տոկոս՝ մեկ ամիս առաջվա 4.9 տոկոսի համեմատ, հաղորդում է Eurostat-ը։ Սա արժութային բլոկի ամենաբարձր ցուցանիշն է դարձել, եթե հաշվենք բոլոր 19 երկրների մասով, վկայում են Եվրոստատի նյութերը։ Գնաճի կտրուկ աճի հիմնական շարժիչ ուժն էներգակիրների գներն են դարձել, նշել էր Եվրահանձնաժողովը։