Ադրբեջանում ձերբակալվել են Քառօրյա պատերազմից հետո զինվորականներին խոշտանգած անձինք
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է «Տերտերի գործի» շրջանակում խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման ենթարկված անձանց։
Իրավապահ մարմնի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է.«Հայրենիքի դավաճանության փաստերի հետաքննության շրջանակներում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների, այլ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ազատությունից ապօրինաբար զրկված անձանց խնդրում ենք դիմել գլխավոր դատախազության 961 հեռախոսային կենտրոն և ներկայանալ ցուցմունք տալու համար»։
Նշվում է նաև, որ «Տերտերի գործով» ձերբակալվել են ադրբեջանցի զինվորականներին խոշտանգողներ։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը երկար ժամանակ անց առաջին անգամ խոսել է «Տերտերի գործի» մասին։ Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին հայրենիքի դավաճանության կասկածանքով երկրի հարյուրավոր զինվորականների խոշտանգումներին, ինչի հետևանքով այն ժամանակ մահացել է առնվազն 11 մարդ։
Արցախյան հակամարտության գոտում քառօրյա պատերազմին (2016թ. ապրիլի 2-5-ը) հաջորդել են զանգվածային կտտանքները։ «Տերտերի գործ»-ն անվանումը ստացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի անունով, որտեղ տարվել ու խոշտանգվել են զինծառայողները։