Լուկաշենկոն ասել է, թե երբ կթողնի երկրի ղեկավարումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է թողնել ղեկավարումը, եթե երկրում իրադրությունը կարգավորվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Լուկաշենկոյին հարցրել են, թե դեռ քանի տարի է ղեկավարելու երկիրը, ինչին ի պատասխան նա ասել է՝ «միշտ», եթե սկսվի պատերազմ կամ այնպիսի իրադրություն, ինչպիսին 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո էր:
«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ ուզում նախագահ լինել: Աստված չանի հայտնվեք մի իրավիճակում, որտեղ կախված եք շատ հանգամանքներից»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ եթե իրադրությունը կարգավորվի, երկիրը հստակ կորոշի, թե ով է իրեն հաջորդելու: Նա զուգահեռներ է տարել խորհրդային ժամանակների առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ, ով մինչև կյանքի վերջ մնաց բարձր պաշտոնին: «Ես հիմա եմ հասկանում, թե որքան կախված էր նա ոչ միայն հանգամանքներից, այլև այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում էին, աջակցում էին: Դու կապված ես քո երկրին, որը սեփական ձեռքերով ես ստեղծել»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա ավելին է, քան պարզապես ծառայելը երկրին: