Շվեդիան շուրջ 5,5 միլիոն դոլար կուղարկի Ուկրաինայի օգնության համար
Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը:
«50 միլիոն շվեդական կրոն փոխանցելով «Կայուն Ուկրաինա» գործընկերային հիմնադրամին, մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս Ուկրաինայի հետ Շվեդիայի համերաշխությունը եւ հաստատուն աջակցությունը նրա ինքնիշխանութանն ու տարածքային ամբողջականությանը»,-հաղորդագրությունում մեջբերվում է համագործակցության գործերի նախարար Մատիլդա Էռնկրանսի խոսքը:
Նա նշել է, որ հիմնադրամը կամրապնդի հարավ-արեւելքում ռուսական ագրեսիային դիմակայելու Ուկրաինայի կարողությունը՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարձրացմանը, երկխոսության ընդլայնմանը եւ ներառական տնտեսական զարգացմանը: Ճշտվում է, որ հիմնադրամը կհամալրի ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Շվեդիայի ԱԳՆ-ում հավելել են, որ Ուկրաինան թագավորության կողմից օգնության խոշորագույն ստացողն է, որը հատկացվում է Արեւելյան Եվրոպայում բարեփոխումների անցկացման համար եւ տարեկան կազմում է մոտավորապես 240 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 25 միլիոն դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: