Նորվեգիայի դատարանը մերժել է 77 մարդու կյանք խլած Բրեյվիկի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումը
Նորվեգիայի Տելեմարկ նահանգի դատարանը մերժել է ծայրահեղ աջակողմյան զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկին, որը դիմել էր վաղաժամկետ ազատ արձակման համար:
Ինչպես գրում news.sky.com-ը, 42-ամյա Բրեյվիկը 2012 թվականին 21 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային սպանության համար։ Նա 2011-ին իրագործել է սարսափելի ոճրագործություն՝ խլելով 77 մարդու կյանք։
Դատարանի որոշմամբ՝ Բրեյվիկի հոգեկան վիճակը մնացել է անփոփոխ, ինչը նշանակում է, որ նա դեռևս վտանգավոր է հասարակության համար և կարող է կրկին հանցագործություն կատարել։ Նրա փաստաբանն ասել է, որ պաշտպանական կողմը կվիճարկի որոշումը:
Բրեյվիկը, որը 2017-ին օրինական կերպով փոխել է իր անունը Ֆյոթոլֆ Հանսենի, մայրաքաղաք Օսլոյում ռումբ պարունակող ֆուրգոնով հարձակում է իրագործել կառավարական թաղամասի վրա, ապա ուղևորվել Ուտոյա կղզում Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբար, որտեղ հրազենի կիրառմամբ սպանել է 69 մարդու՝ մեծամասամբ երիտասարդներ:
Չնայած իր հանցանքների ծանրությանը, 21 տարվա ազատազրկման դատապարտված Բրեյվիկը նորվեգական օրենսդրությամբ իրավունք ունի տաս տարի պատիժը կրելուց հետո դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Նա կարող է ամեն տարի դիմել պայմանական վաղաժամկետ ազատման լսումների համար: