ՀՀ նախագահ ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը
ՀՀ նախագահ է ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` սա ամրագրված է ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին:
«Փաստինֆո»--ն ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ՀՀ նախագահի ընտրության կարգրն ամրագրող դրույթները:
Մասնավորապես, Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
«Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով»,- ամրագրված է Սահմանադրությունում:
Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Այսինքն՝ Արմեն Սարգսյանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: