Ծանոթ ու միարժամանակ անհայտ … լվացքի փոշի
Այսօր դժվար է պատկերացնել լվացք անելը առանց լվացքի փոշու, քանի որ գրեթե մեկուկես դար է անցել դրա առաջին հայտնվելուց ի վեր: Այնուամենայնիվ նշենք, որ լվացքի փոշու օգտագործման մասին առաջին հիշատակումը թվագրվում է 16-րդ դարով: Հայտնի է, որ այն ժամանակ հնդիկները լվացք անելու ընթացքում հատուկ խառնուրդ են ավելացրել ջրի մեջ, բայց դրա պատրաստման բաղադրատոմսը, ցավոք, չի պահպանվել: Լվացվող առաջին փոշու ստեղծողը եղել է գերմանացի քիմիկոս Ֆրից Հենկելը: Նա ստացել է մի խառնուրդ, որի գերակշիռ մասը եղել է նատրիումի սիլիկատը: Հենց այդ նյութն էլ դարձել է ժամանակակից լվացքի փոշու նախատիպը: 1876 թվականի սեպտեմբերի 26-ին Գերմանիայում Ֆրից Հենկելը իր գործընկերների հետ հիմնադրել է «Henkel» ընկերությունը, որը սկսել է արտադրել պարկերի մեջ փաթեթավորված լվացքի փոշի: Հենկելի այդ գլուխգործոցը իր ցածր գնի պատճառով շատ արագ ձեռք է բերել լայն ժողովրդականություն, և ընդամենը երկու տարի անց ընկերությունը «Սպիտակեցման սոդա» անվանումով նոր արտադրատեսակ է մտցրել շուկա: Հենկելին հաջողվել է լվացքի փոշուն սոդա ավելացնելով նրան նաև սպիտակեցնող ազդեցություն տալ, միևնույն ժամանակ այդ արտադրանքը ևս իր ցածր գնի պատճառով եղել է շատ մատչելի: 1905 թվականին Ֆրից Հենկելի որդի Հյուգոյի կողմից ընկերությունում սկսել են աշխատել ավտոմատ լվացքի մեքենաների համար փոշու ստեղծելու ուղղությամբ: Եվ 1907 թվականին հայտնվել է «Persil» լվացքի փոշին, որը հնարավորություն է տալիս լվացք անելիս առանց հատուկ ջանքեր գործադրելու ստանալ ձյան նման սպիտակ ու մաքուր սպիտակեղեն: Այդ նոր փոշին իր հատկությունների շնորհիվ «Henkel» ընկերությանը դարձրել է եվրոպական և ամերիկյան շուկաների առաջատար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի քիմիկոս Պոնտերը ստեղծել է սինթետիկ լվացքի փոշի: Այս հայտնագործությունը կիրառել է «Procter & Gamble» ընկերությունը, որը 1933 թվականին շուկա է հանել իր առաջին լվացքի փոշին՝ «Dreft»-ը, որը բավականին արագորեն նվաճել է ամերիկյան շուկան: Դրանից հետո, այդ դարի մնացած երեք քառորդում լվացքի փոշիների արտադրության տեխնոլոգիան չի ենթարկվել որևէ էական փոփոխությունների: Միայն 2000-ականների սկզբին նոր քիմիական միացությունների ստեղծման հետ կապված լվացքի փոշու պատմության մեջ սկսվել է նոր փուլ: Ներկայումս լվացքի փոշիները ներառում են բազմաթիվ նյութեր. ջրի մակերեսային լարվածությունը նվազեցնողներ, հիմնային հավելանյութեր, հակաադսորբենտներ, ջրի փափկացնող միջոցներ, լյումինեսցենտ նյութեր սպիտակություն ստեղծելու համար, կեղտը մաքրելու համար նախատեսված նատրիումի և կալիումի միացություններ, ինչպես նաև տարբեր բույրեր առաջացնող նյութեր և այլն: Մեր ժամանակներում նաև հայտնվել են առաջին լվացքի փոշիները՝ հեղուկների և ժելեների տեսքով, որոնք արդյունքում արագորեն սկսել են նվաճել եվրոպական շուկաները: Չնայած դրան այն ամբողջ աշխարհում չի ստացել այն լայն ժողովրդականությունը, որը ունի սովորական լվացքի փոշին, սակայն նշենք, որ վերջին տասնամյակի ընթացքում հեղուկ լվացքի փոշու պահանջարկը մի քանի անգամ ավելացել է և շարունակում է ավելանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը