Ալմաթիում սկսել են վերականգնել ճանապարհային ենթակառուցվածքները
Ալմաթիում սկսել են վերականգնել ճանապարհային ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Ալմաթիում մեկնարկել են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Անկարգությունների հետևանքները վերացնելու համար այս պահին աշխատում են 80 բանվոր, 30 միավոր հատուկ տեխնիկա»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վնասվել է ավելի քան 120 ճանապարհային նշան, որոնցից 80-ն այսօր վերականգնվել են։ Մեկնարկել են նաև քաղաքի լուսացույցերի վերականգնման աշխատանքները։ Քաղաքում վնասվել է ավելի քան 40 լուսացույց, որից 15-ը վերականգնվել է։
Միևնույն ժամանակ Ալմաթիի հանրապետության հրապարակում մաքրության աշխատանքներ են իրականացվում և դուրս է բերվում անկարգությունների հետևանքով այրված ավտոտեխնիկան։
Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։ Նշենք, որ այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստը, որի ժամանակ կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրադարձությունը։