Մինչև 650 դոլար. Վրաստանը տուգանք է սահմանել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները պղծելու համար
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները, որոնք պատժամիջոցներ են նախատեսում Վրաստանի գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների խորհրդանիշները պղծելու համար։ Փոփոխությունները ստացել են միաձայն աջակցություն՝ դրանց օգտին քվեարկել է 81 պատգամավոր, գրում է ekhokavkaza.com-ն։
Օրինագծի համաձայն՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշը պղծելը, որի անդամ է Վրաստանը, ինչպես նաև այն երկրների դրոշը կամ զինանշանը պղծելը, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, կպատժվի տուգանքով (1000 լարի, մոտ 320 դոլար):Կրկնվող իրավախախտումները կհանգեցնեն ավելի մեծ տուգանքի՝ 2000 լարիի (մոտ 650 դոլար) կամ վարչական կալանքի՝ մինչև 15 օր ժամկետով։
Օրինագիծը նախաձեռնվել է հուլիսի 5-6-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Այն ժամանակ արմատականների ամբոխը երկու անգամ պոկել է Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված Եվրամիության դրոշը։