ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ի համապատասխանություն 2015 թվականի միջուկային համաձայնագրի, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA) և որի շրջանակում ԱՄՆ-ն պարտավորվել էր չեղարկել պատժամիջոցները, գրում է Tehran Times-ը:
Ավելի վաղ հինգ համաշխարհային տերությունների հետ Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Կանին ասել էր, որ բանակցությունների շրջանակի վերաբերյալ երկու կողմերի միջև տարաձայնությունները նվազում են:
Նա մատնանշել է, որ բոլոր կողմերը եզրակացության են գալիս բանակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ, և այդ առումով տարաձայնությունները գնալով նվազում են։
Իրանցի դիվանագետն ասել է, որ դա մեծ առաջընթաց է, քանի որ նախնական տարաձայնությունները վերաբերում էին քննարկումների շրջանակին։
Վիեննայի բանակցություններին մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Ֆորմալ առումով այս երկրները դուրս չեն եկել 2015-ի միջուկային համաձայնագրից, ինչն արել է ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Դրանին ի պատասխան Իրանը խախտել է համաձայնագրի դրույթները՝ սկսելով մեծացնել հարստացված ուրանի պաշարները։
Ըստ Եվրամիության, բանակցությունների մասնակիցները շարունակելու են քննարկել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու հեռանկարները և ինչպես ապահովել, որ բոլոր կողմերը ամբողջովին և արդյունավետ կատարեն իրենց պարտավորությունները։ Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները: