«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ում լինի նախագահի փոփոխություն». Սերժ Սարգսյանին փոխարինող չկա
Օրերս տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկել են դեկտեմբերի 18-ին կուսակցության՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հերթական 17-րդ համագումարն է, տեղի են ունենալու նախագահի, Գործադիր մարմնի ընտրություններ, ելույթներ։
Հարցին՝ արդյոք կլինի կուսակցության նախագահի փոփոխություն, արդյոք կուսակցությունը կգնա՞ երիտասարդացման, երիտասարդ առաջնորդ ունենալու ճանապարհով, Շարմազանովը արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է լինի փոփոխություն, երկրին է պետք առաջնորդի փոփոխություն»։
Դիտարկմանը, թե, ըստ էության, Սերժ Սարգսյանին չկա այլընտրանք կուսակցությունում, Շարմազանովն արձագանքեց, որ Հանրապետականում կան լուրջ քաղաքական ճանապարհ անցած և այսօր էլ բավականին արդյունավետ գործող գործիչներ. «Բայց ես կարծում եմ, որ կուսակցությունը ճիշտ կլինի շարունակի առաջնորդել Սերժ Սարգսյանը, որովհետև կուսակցական շարքերը վստահում են նրա փորձառությանը, անցած հետագծին և կուսակցության պայքարն ու գործունեությունը պատկերացնում են նրա առաջնորդությամբ»։
Հիշեցրինք, որ նախկին ՀՀԿ-ականները պարբերաբար խոսում են կուսակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունից, որը կհանգեցնի կուսակցության ոտքի կանգնելուն, առողջանալուն. «Երիտասարդացման գնում ենք, խմբակցությունում երիտասարդ գործիչները դրա վկայությունն են։ Կուսակցությունն առողջացած է։ Երիտասարդների հոսք կա, և իրականացվում է վերահաշվառում»,-ասաց ՀՀԿ խոսնակը։
Ինչ վերաբերում է խորհրդարանում էլ ՀՀԿ-ական պատգամավորների գործունեությանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ միշտ կարելի է և պետք է ավելին ակնկալել. «Ընդհանուր առմամբ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ երիտասարդ գործիչների խոսքը ԱԺ-ում լսելի եւ ազդեցիկ է դարձել։ Բայց քանի դեռ մենք չենք հասել կառավարող պարտված իշխանության հեռացմանը, բնականաբար խոսել ամբողջական արդյունավետությունից ճիշտ չէ»։
Ի դեպ, կուսակցության համագումարին այլ կուսակցություններից հրավիրվածներ չկան