Սաակաշվիլին արտասահմանում հոգենյարդաբանական վերականգնման բուժընթացի կարիք ունի. նյարդաբան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտասահմանում հոգենյարդաբանական վերականգնման բուժընթաց անցնելու կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է «Էմպատիա» վերականգնողական կենտրոնի նյարդաբան Օթար Թոիձեն:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված բժիշկների կոնսիլիումի հետ «Էմպատիան» իրականացնում է Սաակաշվիլիի առողջական վիճակի դիտազննում: Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո բուժընթացը շարունակում է Գորիի զինվորական հոսպիտալում:
«Նրա հիվանդության մեջ գլխավորը նյարդաբանական կարգավիճակն է: Մշտական են տեղաշարժման, շարժումների ներդաշնակության, բնավորության փոփոխականության հետ կապված խնդիրները, սակայն դա դուրս չի գալիս նորմատիվային շրջանակներից: Այժմ նա, հիմնականում, հատուկ վերականգնման կարիք ունի:
Մենք դա անվանում ենք նյարդավերականգնում և հոգենյարդաբանական վերականգնում, որի հնարավորությունները Վրաստանում մենք չենք գտել»,-ասել է Թոիձեն:
Դեկտեմբերի սկզբին «Էմպատիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտարարել է, որ երկար ժամանակ Սաակաշվիլիին տվել են մեծ չափաբաժիններով հոգեմետ պատրաստուկներ: Այդ հաղորդագրությունների ֆոնին օմբուդսմենը հանձնարարել է, որպեսզի Սաակաշվիլիի հոգեկան վիճակը հետազոտվի բժիշկների կողմից, որոնց Ժողովրդական պաշտպանի աշխատակազմը հրավիրել է որպես անկախ փորձագետների:
Այսօր օմբուդսմեն Նինո Լոմջարիան լրագրողներին հայտարարել է, որ Սաակաշվիլիին արտասահմանյան կլինիկա տեղափոխելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն մասնագետների հանձնարարականների հիման վրա: Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված կոնսիլիումը Սաակաշվիլիի վիճակի մասին հերթական եզրակացությունը կհրապարակի առաջիկա օրերին: Նախկին նախագահի անձնական բժիշկը հայտարարել է, որ Սահակաշվիլին ինքը կտրականապես դեմ է բուժումը արտասահմանում շարունակելուն: