Կառավարության հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser-ը Տավուշի մարզում մերկասառույցի պատճառով հայտնվել է Աղստև գետի ափին. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:
Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում:
Նույն վայրում, ճանապարհի մերկասառույցի պատճառով, վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, ով Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ: