«Նա իմ ընկերն էր». Ալեք Բոլդուինը, նկարահանման հրապարակում օպերատորին պատահաբար սպանելուց հետո, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է ողբերգությունը
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին հրապարակային հայտարարությունն է արել Rust ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Բոլդուինը լրագրողներին ասել է, որ օպերատոր Գալինա Հաթչինսն իր ընկերն էր: Նա հրաձգության միջադեպն անվանել է «տրիլիոնից մեկ անգամ պատահող իրադարձություն»:
«Ես կապ եմ պահպանում նրա ամուսնու հետ՝ առաջարկելով իմ աջակցությունը նրան ու նրա ընտանիքին: Նա շոկի մեջ է, 9-ամյա որդի ունի: Մենք մշտական կապի մեջ ենք նրա հետ, քանի որ շատ անհանգստացած ենք նրա ընտանիքի և երեխայի համար: Ինչպես ասացի, մենք անհամբեր սպասում ենք, որ շերիֆի բաժանմունքը մեզ ասի, թե ինչ արդյունք է տվել իրենց հետաքննությունը»,- ասել է դերասանը։ Նա նաև հավելել է, որ մահացու միջադեպից հետո «չափազանց շահագրգռված է» սահմանափակել հրազենի օգտագործումը նկարահանման հրապարակում։
Հոկտեմբերի 22-ին Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային՝ Նյու Մեքսիկոյում Rust վեսթերնի նկարահանման հրապարակում։ Նա կրակել է ռեկվիզիտային ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով։ Դերասանը ոստիկանությունում ցուցմունք է տվել. նկարահանումները ընդհատվել են.