Մի խումբ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը, այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, նշելով, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության:
Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ Վ. Վ.-ին, Մ. Ս.-ին, Վ. Ք-ին և Ա.Բ.-ին մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջին երկուսին՝ նաև դիտավորությամբ գույք վնասելու և խոշոր չափերով վնաս պատճառելու համար:
Քրեական գործի մյուս մասով, որով նույնաբնույթ արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավված ևս 3 անձ, նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն, մասնակցություն ունեցած այլ անձանց ևս պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: