«Ֆուլ հաուսը» կավարտվի 7–րդ եթերաշրջանով. դերասանական կազմում փոփոխություններ կան
Life.tert.am-ը գրում է.
Երեկ ավարտվեց «Ֆուլ հաուս» սիթքոմի 6–րդ եթերաշրջանը։ Թեև այս եթրաշրջանում ոչ բոլոր պատմությունները հանգուցալուծում ստացան, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, ավելի վաղ ասել էր, որ դեռևս չգիտի` նախագիծը նոր եթերաշրջան կունենա՞, թե` ոչ։ Tert.am Life–ի հետ զրույցում Մենչը հնչեցրեց սպասված հարցի պատասխանը` «Ֆուլ հաուսը» կունենա 7–րդ եթերաշրջան, սակայն դա կլինի վերջինը։
«Մենք չենք ուզում հոգնեցնել մարդկանց, ուզում ենք նախագիծն ավարտել բարձր նոտայի վրա, այդ իսկ պատճառով 7–րդ եթերաշրջանով կեզրափակենք «Ֆուլ հաուսը»։ Հավատացեք, մեզ էլ է պետք հանգստանալ` 3 տարի անընդմեջ անում ենք այս նախագիծը»,– ասաց Արմենն ու հավելեց, որ իր բոլոր եթերաշրջանների ընթացքում «Ֆուլ հաուսը» պահպանել է բարձր ռեյթինգն ու եղել Հայաստանի առաջատար սիթքոմը։ «Մենք չենք ուզում ռեյթինգն ընկնի, նոր փակենք նախագիծը։ Այդ տրամաբանությամբ ևս 5-6 եթերաշրջան կարող էինք անել»,– նկատեց պրոդյուսերը։
Հարցին` հնարավո՞ր է անձնակազմի հետ այլ համագործակցություն լինի, Մենչն ասաց, որ այժմ միանշանակ պատասխանել չի կարող, սակայն չի բացառում, որ ժամանակավոր դադարից հետո նոր ձևաչափով վերադառնան էկրաններ։ «Այս ձևաչափում 7-րդ եթերաշրջանը «Ֆուլ հաուսի» համար վերջինն է, սակայն հնարավոր է` 1 տարի անց նոր ձևաչափ մտածենք։ 7–րդ եթերաշրջանով, որպես սիթքոմ, նախագիծը սահմանում է ռեկորդ հայկական իրականության մեջ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել 7 սեզոնանոց սիթքոմ, առավել ևս, որ ունեցել է բարձր վարկանիշ բոլոր եթերաշրջաններում»,– նկատեց նա։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում