Երևանում 41-ամյա տղամարդու սպանության համար կասկածվողներին ձերբակալել են Սյունիքում․ նրանք փորձել են փախչել Արցախ․ shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, տաք հետքերով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հայտնաբերել և վնասազերծել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ին, 20-ամյա Հայկ Ա-ին, 22-ամյա Նարեկ Ա-ին։
Վերջիներս բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, նրանք կասկածվում են նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։
Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։