Հայ բլոգերները վրդովված են. թող Կարեն Կարապետյանը պատժի ֆեյսբուքին
Հայաստանցի բլոգերներն ու Hartak.am կայքի խմբագիր, ՀՎԿ վարչության անդամ Կարեն Թումանյանը բողոքում են ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարության դեմ՝ շեշտելով, որ ֆեյսբուքը հայաստանցի բլոգերների նկատմամբ անարդար վերաբերմունք է դրսևորում:
Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում բարձրաձայնեցին ֆեյսբուքից նեղացած մեր բլոգերները:
Կարեն Թումանյանը նկատել է, որ ֆեյսբուքը Հայաստանի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորում, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի և Վրաստանի դեպքում. «Վրաստանի, Ռուսաստանի օգտատերերի նամակներին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ֆեյսբուքը պատասխանում է, իսկ Հայաստանի օգտատերերին միևնույն բովանդակությամբ պատասխան է տալիս»:
Այս խնդրի կապակցությամբ Կարեն Թումանյանը բողոքի ակցիային միացած մյուս բլոգերների հետ պատրաստվում է գնալ կառավարություն և դիմել վարչապետին:
Hartak.am կայքի խմբագիրը կառավարությանն առաջարկում է դիվանագիտական ֆորմատներով ֆեյսբուքի վրա ներազդել և լուծել այս խնդիրը, քանի որ բլոգերներին խաբում են. «Նման նախադեպ եղել է: Հիշենք Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի օրինակները»,-ասաց Կարեն Թումանյանը՝ մոռանալով, որ այդ պետությունների ժամանակաշրջանում ֆեյսբուքը դեռ չկար:
Մոռանալով այս պատմական կարևոր փաստը, Կարեն Թումանյանն, այնուամենայնիվ, շարունակեց, որ երբ առաջացած խնդիրն իր նշած երկրներում առաջացել է, այս երկրների ղեկավարները կարողացել են դրանք լուծել ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով, ուստի, ինչպես ասում է պատմությանը ոչ քաջատեղյակ Թումանյանը, այստեղ տեղին է հիշել ֆրանսիական Ֆիգարոյի մի հրապարակում, որտեղ ասվում էր, որ եթե չես ուզում խնդիր ունենալ ֆեյսբուքի հետ, լավ եղիր Ամերիկայի դեսպանատան հետ:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ Արման Թումասյանն էլ ընդգծեց, որ իրենք բողոքների դեպքում դիմելու տեղ չունեն. «Նստած է մի ռոբոտ. հեռախոսահամար չկա, որ զանգենք ինչ-որ մեկի հետ խոսենք` հասկանանք ինչումն է խնդիրը, և գործ ունենք միջազգային խարդախ համակարգի հետ: Ֆեյսբուքը ՀՀ բլոգերներին վաճառում է մեծ քանակությամբ լայքեր, մեկ լայքն արժե 40-50 դրամ, բլոգերները բիզնես ոլորտում իրենց համար ստեղծում են հարթակներ, իրենց նյութերը կամ բիզնեսն առաջարկելու համար հավաքում են լայքեր, դրանից որոշ ժամանակ անց ֆեյսբուքը վառում է և ոչնչացնում տվյալ հարթակները: Այնուհետև ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ստեղծել նոր հարթակներ: Որոշ ժամանակ առաջ մեր բլոգեր Տարոն Չախոյանի՝ մեծ թվով լայքի հարթակ ոչնչացրեցին` պատճառելով մեծ գումարների վնաս»:
Ասուլիսին ներկա մեկ այլ բլոգեր Տարոն Չախոյանը, ում բլոգային գրառումներից այդպես էլ Google-ը մեզ չկարողացավ ցույց տալ, հավելեց, որ ֆեյսբուքը ոչնչացնում է իր հարթակները, որից հետո որևէ պատասխան չի տալիս իր նամակներին. «Ֆեյսբուքը երբեք չի բացատրում, թե այս կամ այն քայլը ինչու է անում և երբ փորձում ես իրենից ճշտել, տալիս է նույն պատասխանը` «Մենք ունենք տեխնիկական խնդիրներ, մենք ձեզ հետ կկապվենք»: