Մոսկվայում շատ արագ Փաշինյանին կստիպեն ստորագրել այն, ինչ պետք է ստորագրվի․ Բաբայան (տեսանյութ)
Վաղը Մոսկվայում շատ արագ Փաշինյանին կստիպեն ստորագրել այն, ինչ պետք է ստորագրվի։ Այս մասին այսօր ճեպազրույցում նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
«Կա պրոցես, որը ընթանում է և այդ պրոցեսը վստահ եմ՝ չի կոորդինացվում միայն այստեղ, այլ տարբեր լուրջ տերությունների կենտրոնների կողմից, և վաղը Պուտին Փաշինյան հանդիպման ժամանակ պայմանավորվածությունները վերջնական կընդգծվեն և շատ արագ Փաշինյանին կստիպեն ստորագրել այն, ինչ պետք է ստորագրվի»,-ասաց Վահան Բաբայանը։
Նա հավելեց, որ ընդդիմությունը պետք է ընդունի իր սխալները, որոնք իրականացրել են և գնացել ընտրության․ «Սերժ Սարգսյանը դեմ էր, և ասում էր, որ պետք չէ գնալ ընտրությունների, և խաղալ այն խաղը, որը խաղում էր Նիկոլ Փաշինյանը։ Բայց գտնվեցին մարդիկ, ովքեր գտան, որ ավելի ճիշտ է գնալ ընտրությունների և իրենք վստահ էին, որ կհաղթեն»։
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահի խոսքով՝ մեր այսօրվա գործողությունները ոչ թե պետք է բխեն պատերազմ վերսկսելու կամ ռազմատենչության մեջ, այլ պետք է կարողանանք մոբիլիզացնել ինչ ունենք և ինչ է մնացել մեզ խոշորագույն պատերազմից հետո․ «Ցավոք սրտի, պատերազմից անցել է մեկ տարի, սակայն մեր դիվանագետները ես չեմ լսել, որ աղաղակեն Շուշիի օկուպացիայի մասին, դռներ ջարդեն, նստեն դասպանատների կամ միջազգային դռների տակ և պաստառներով գրեն, որ Հադրութը օկուպացված է, որ Շուշին հայկական պատմական քաղաք է»։