Իրանը դարձյալ հայտարարում է Ադրբեջանի հետ սահմանին իսրայելցիների ներկայության մասին
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին ռազմական ինստիտուտի շրջանավարտների առջև իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կոշտ պատասխան կտա տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության դեպքում, հաղորդում է IRNA-ն:
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է նրանց կողմից անվտանգության ապահովման վրա հենվելը: Եվ նրանք, ովքեր ունեն այդ պատրանքը, առաջիկայում կարժանանան ապտակի, քանի որ ուրիշ երկրների ուղիղ կամ անուղղակի միջամտությունը կվերածվի աղետի»,- հայտարարել է Խամենեին:
Նա նաև հավելել է, որ Իրանի հարևանների բանակը կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, և բնութագրել է օտարերկրյա ուժերի ներկայությունը որպես «տարաձայնությունների աղբյուր»:
Բացի այդ, Իրանի Սահմանային ծառայության ղեկավար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի հետ սահմանների երկայնքում, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ, հաղորդում է Mehr-ը:
«Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժ մեր սահմաններին: Նրանք կարող են միայն հրահրել տարածաշրջանի երկրներին փոխել իրենց սահմանները, արգելել բեռնատարների մուտքն ու բարձրացնել մուտքի համար գանձվող վճարների չափը»,- ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն առավել ակտիվ են Ադրբեջանում: