Բելառուսում սոցցանցերում մեկնաբանությունների համար 136 մարդ է բերման ենթարկվել
Մինսկում ՊԱԿ-ի սպայի սպանության վերաբերյալ սոցիալական ցանցերում մեկնաբանությունների համար բերման է ենթարկվել 136 մարդ: Այս մասին հայտնում է Բելառուսի քննչական կոմիտեն:
Ինչպես նշում է meduza.io-ն, Քննչական կոմիտեից հայտնել են, որ չնայած «ողբերգությունը ցնցել է հասարակությանը, բայց կային նաև այնպիսիք, որոնց համար այդ դժբախտությունը դարձել է աղմուկ հանելու պատճառ»:
Բերման ենթարկվածների դեմ հարուցված քրեական գործը քննվում է սոցիալական ատելություն հրահրելու և պետական պաշտոնյային վիրավորելու հոդվածներով:
Սեպտեմբերի 28-ին Մինսկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել են ՊԱԿ-ի հատուկ ջոկատի ծառայող Դմիտրի Ֆեդոսյուկը և EPAM Systems ՏՏ ընկերության աշխատակից Անդրեյ Զելցերը: ՊԱԿ-ից հայտնել են, որ Զելցերը սպանել է Ֆեդոսյուկին իր բնակարանը գրոհելու ժամանակ, որից հետո նրան գնդակահարել են: