Իրանի օդուժը պատահաբար կրակ է բացել իր դիրքի վրա․ լարվածություն Ադրբեջանի հետ սահմանին
Իրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին: Այս մասին գրում է Военное обозрение-ն։
Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել: Երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար: Ըստ էության, Իրանին իրականում դուր չի գալիս Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում: Ինչպես հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումերս Հեյդարին, ուսումնավարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն ուժեր, ինչպես նաև ՌԷՊ ստորաբաժանումներ:
Ինչպես հետևում է առկա տեղեկություններից՝ զորավարժություններին ներգրավվել են 16-րդ զրահատանկային դիվիզիան, 21-րդ հետևակային դիվիզիան, 64-րդ հետևակային դիվիզիան 164-րդ հետևակային բրիդագի կազմում, ԻՀՊԿ «Աշուրա» 31-րդ դիվիզիան, 65-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատը:
Սահմանին են մոտեցվել կործանիչները և ռմբակոծիչները Սու-24, F-14 և F-4E, Իլ-76 և Ս-130 տրանսպորտային օդանավերը, ինչպես նաև AH-1 «Կոբրա» և CH-47 ուղղաթիռները:
Բացի այդ, սահմանամերձ տարածքներում տեղակայվել են մինչև 70 կմ արդյունավետ կրակող շառավիղով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և բալիստիկ հրթիռների արձակման սարքերը՝ մինչև 700 կմ հեռավորության վրա:
Ցանկացած պահի սահմանին կարող է սադրանք տեղի ունենալ, որը զորավարժությունները կվերածի իրական ռազմական բախման, որում Ադրբեջանի կողմից պարտադիր կներգրավվի Թուրքիան:
Ի դեպ, մեկ միջադեպ արդեն գրանցվել է ուսումնավարժանքների ժամանակ. AH-1 Super Cobra իրանական ուղղաթիռը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է երեք զինծառայողի մահվան: Աղբյուրի տվյալներով՝ սկզբում կատարվածը բնութագրվում էր որպես ադրբեջանական սադրանք, սակայն ավելի ուշ Իրանն ընդունել է «բարեկամական կրակը»: