Հայաստանում նոր տիպի դրամներ կներդրվեն
ՀՀ Կենտրոնական բանկը քննարկում է նոր տիպի դրամների ներդրման հարցը: Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը: Նրա խոսքով` նախատեսում են եղած թղթադրամները փոխարինել թղթադրամի պլաստիկ կամ հիբրիդային տիպի դրամանիշերով:
«Նոր տիպի դրամանիշների պաշտպանիչ հատկանիշները շատ ավելի բարձր են, քան ներկայիս թղթադրամների մոտ: Ինչպես նաև դրանք ավելի երկարակյաց են: Նրանց մաշվածությունը ցածր է, դրանք խնայողական ռեժիմի համար են», ասաց նա` հավելելով, որ նման նախադեպեր կան եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նման դրամանիշները գտնվում են ներդրման փուլում:
Նրա խոսքով` քննարկման արդյունքում կայացված որոշումը հայտնի կլինի մոտակա ամիսների ընթացքում: Անդրադառնալով նոր դրամանիշների՝ շրջանառության մտնելու գործընթացին՝ Աբրահամյանը նշեց, որ որոշումը հաստատվելուց հետո աստիճանաբար, սահուն կերպով եղած մաշվածները կփոխարինվեն դրանցով: